Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունենալու մայիսի 28-ին՝ Բիշքեքում:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտեց նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, Հայաստանի նախագահի օրակարգում այդ հարցը չկա:
Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն արդիական միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերը: Ոչ պաշտոնական գագաթաժողովում կլինեն նաեւ բազմաթիվ երկկողմ հանդիպումներ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը:
1918թ. մայիսին հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան:
Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 95 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:
Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:



























