ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրել: ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի (ՀԱՊԿ ՊՆԽ) նիստը կայացել է մայիսի 27-ին Բիշքեկում:
Նիստի ընթացքում պաշտպանության նախարարները հայտնել են պետությունների միջեւ ռազմական համագործակցության առաջնահերթությունների իրենց տեսակետները: Նիստի ավարտին նախարարներն ընդունել են ՀԱՊԿ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշների ցանկը եւ հաստատել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերում արագ եւ մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների նախապատրաստման կազմակերպման հիմնական փաստաթղթերի նմուշօրինակների ժողովածուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ղրղըզստանի պաշտպանության նախարար Թաալայբեկ Օմուրալիեւը, որի երկիրն այս տարի նախագահում է ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում, հնչեցրել է ՀԱՊԿ-ի զարգացման գերակայությունները: Ըստ նրա` Ղրղըզստանը ձգտում է «ՀԱՊԿ-ի հեղինակության եւ վարկի բարձրացմանը համաշխարհային հանրությունում, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական ներուժի աճին` կապված Աֆղանստանում դաշնային զորքերի առաջիկա կրճատման հետ»: Բացի դրանից, նա ընդգծել է «ՀԱՊԿ համակարգի ուժերն ու միջոցները կատարելագործելու, ինչպես նաեւ ՀՕՊ համակարգում, ավիացիոն ուժերում եւ հատուկ գործողություններում նրանց ընդգրկմանը նպաստելու» ձգտումը: ՀԱՊԿ-ը նաեւ կջանա հասնել ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը:
ՀԱՊԿ ՊՆԽ-ի աշխատանքին մասնակցել են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Հայաստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաեւ ՀԱՊԿ Քարտուղարության եւ Միացյալ շտաբի ներկայացուցիչները:
Այսօր` մայիսի 27-ին, Բիշքեկում տեղի է ունենում նաեւ ՀԱՊԿ երկրների ԱԽ-ների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը: Մայիսի 28-ին Բիշքեկում տեղի կունենա ՀԱՊԿ Կենտրոնական-Ասիական տարածաշրջանի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:



























