Հայաստանի չորս համայնքերում մայիսի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, բոլոր 4 համայնքների ղեկավարներն էլ վերընտրվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:
Մասնավորապես, Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանն ստացել է 296 ձայն եւ վերընտրվել: Նրա մրցակիցներից ՀՀԿ-ական Հայկ Սահակյանն ստացել է 116 ձայն, անկուսակցական Աշոտ Հայրապետյանը՝ 83 ձայն, իսկ Գրիգոր Սահակյանը՝ 27 ձայն:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Մնացական Գեւորգյանն ստացել է 253 ձայն եւ վերընտրվել գյուղապետի պաշտոնում, իսկ նրա մրցակից Վանիշկա Ոսկանյանն ընդամենը 10 ձայն է ստացել:
Շիրակ մարզի Ախուրիկ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանն ընտրվել է 317 ձայնով: Նրա մրցակից Սարգիս Սահակյանն ստացել է 176 ձայն:
Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքապետ է վերընտրվել Գագիկ Մաթեւոսյանը: Նրա օգտին քվեարկել է 3 758 ընտրող: Իսկ նրա մրցակցի` Շուշանիկ Նազարյան օգտին քվեարկել է 535 ընտրող:
Ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր հետ մրցող բոլոր թեկնածուներն էլ հողագործությամբ են զբաղվում, իսկ Աշոտ Հայրապետյանն իր քարտուղարն է: Իսկ մյուս երկու թեկնածուները, գյուղապետի փոխանցմամբ, հորեղբոր թոռներ են: Ի դեպ, գյուղապետն ու Հայկ Սահակյանը ՀՀԿ-ականներ են, իսկ մյուս թեկնածուներն՝ անկուսակցական:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Մնացական Գեւորգյանն էլ ասել էր, որ իր հետ ընտրապայքարի մեջ է մտել իր հարեւան անկուսակցական Վանիշկա Ոսկանյանը, ով զբաղվում է այգեգործությամբ: Շիրակ մարզի Ախուրիկ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանն էլ նշել էր, որ իր հետ մրցապայքարի է դուրս եկել համադասարանցի Սարգիս Սահակյանը:




























