Աֆղանստանից դաշնային ուժերի զորքերը դուրս բերելու հարցը պահանջում է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար: Այդ մասին ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ղրղըզստանի պաշտպանության խորհրդի քարտուղար Բուսուրմանկուլ Թաբալդիեւը:
«Աֆղանստանից դաշնային ուժերի զորքերը դուրս բերելու հարցը պահանջում է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Այդ հարցը մենք միշտ պետք է պահենք մեր տեսադաշտում: Արդեն հասկանալի է, որ զորքերը դուրս բերելուց հետո այդ երկրում խաղաղությունն ու կայունությունն ինքնաբերաբար չեն հաստատվի», - հայտնել է Թաբալդիեւը: Նա նշել է, որ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման քննարկումը եղել է այսօրվա հանդիպման գլխավոր հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա ընդգծել է, որ Աֆղանստանի խնդրի լուծումը պետք է համալիր լինի, անհրաժեշտ է օգնել այդ պետությանը լուծելու սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ անվտանգության հարցերը:
2001թ.-ից Աֆղանստանի տարածքում առկա է միջազգային զորակազմը, որը գլխավորում է ՆԱՏՕ-ն: Զորքերի դուրսբերումը նախատեսվում է ավարտել 2014թ.:



























