Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 27-28-ը մեկնել է Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Անվտանգության խորհրդի քարտուղարներն իրենց նիստում հաստատելու են ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության կանոնակարգը: Արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ միացյալ նիստում կհաստատվի ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով 2013թ. առաջին կիսամյակի եւ 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կայանալիք խորհրդատվությունների ծրագիրը, կքննարկվեն նաեւ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Ղրղըզստանի պաշտպանության խորհրդի քարտուղար Բուսուրմանկուլ Տաբալդիեւի, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























