Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ԱԳ նախարարներն այսօր՝ մայիսի 27-ին, Բիշքեկում ստորագրել են Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին ռուս-ամերիկյան նախաձեռնությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Համատեղ հայտարարությունում, որն այսօր ստորագրել են ԱԳ նախարարները, Սիրիայի մասով մանրամասն հատված կա, որը ներառում է աջակցությունը Սիրիայի խնդրի լուծմանն ուղղված միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին ռուս-ամերիկյան նախաձեռնությանը»,- ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս սիրիական հակամարտության շուտափույթ հաղթահարման օգտին՝ հենց սիրիացիների ջանքերով: «Լուրջ մտահոգություն են առաջացնում Սիրիայում եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները: ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս սիրիական հակամարտության շուտափույթ հաղթահարման օգտին՝ հենց սիրիացիների ջանքերով եւ Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելով: Այդ առնչությամբ ՀԱՊԿ երկրներն անհրաժեշտ են համարում այդ երկրում բռնությունների անհապաղ դադարեցումը, որտեղից էլ դրանք գան, լայն քաղաքական երկխոսության սկսումն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ՝ առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրները «վճռականորեն դատապարտում են խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչության եւ բռնության ցանկացած դրսեւորում» եւ հանդես են գալիս ընդդեմ հակաիրավական գործողությունների, որոնք ուղղված են Սիրիայում ներքին հակամարտության միլիտարիզացիային, ներառյալ զինված ընդդիմության գրոհայիններին զենքի մատակարարումները:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարարները:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով, մայիսի 7-ին, բանակցությունների մոսկովյան փուլը ժամանակ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պայմանավորվել էին այդ հարցով երկրորդ միջազգային կոնֆերանսն անցկացնել:



























