Մայիսի 27-ին Բիշքեկում կայացել է Հայաստանի եւ Ղրղըզստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էռլան Աբդիլդաեւի երկկողմ հանդիպումը:

 «Կաբար» գործակալությունը, վկայակոչելով Ղրղըզստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ  արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ղրղըզա-հայկական հետագա համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների փոխգործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում:

Կողմերը վստահություն են հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարությունների ակտիվ համագործակցությունը կօգնի հարաբերությունների ամրապնդմանը եւ խթան կհանդիսանա Ղրղըզստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման համար: