Ուկրաինայում ձերբակալվել է Դոնեցկի մարզի Կրասնոարմեյսկ քաղաքի հանքում երեք հանքափորների սպանության հանցակիցը:  Երկրորդ կասկածյալի ինքնությունն արդեն ճշտվել է, այժմ  նրա որոնում են: Ենթադրյալ հանցագործների տանը հայտնաբերվել են դիմակներ եւ հրազեն:

Ըստ ոստիկանության` հանցագործության դրդապատճառը 2008թ. արտադրության «Toyota Avensis» մեքենայի առեւանգումն էր (որի տերն էր սպանված հանքափորներից մեկը), հայտնում է «Օստրովը»: Նշված մեքենան իսկապես սպանությունից հետո  անհետացել էր դեպքի վայրից (ենթադրվում է, որ  դրանով են փախել հանցագործները), սակայն շուտով ոստիկանությունը այն հայտնաբերել էր անտառային տեղանքում:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի առավոտյան Կրասնոարմեյսկի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել էր երեք մարդու մարմին: Դիակների վրա հայտնաբերվել էին բազմաթիվ հրազենային վերքեր:

Բոլոր երեքն էլ «Պոկրովսկոյե» հանքավայրի  աշխատակիցներն են եղել, նրանք առավոտյան իրենց պետի խնդրանքով եկել էին ավտոտնակ` ինչ-որ աշխատանք կատարելու համար: 

Դոնեցկի հանքավայրի փոխտնօրենի ավտոտնակում գնդակահարված հանքափորների են հայտնաբերել

 Սպանվածներից մեկի հայրը հայտնել է, որ խոսքը պատվիրված սպանության մասին է, որի դրդապատճառն իբր հանքավայրի  ղեկավարության ներսում տարաձայնությունն է եղել: Ըստ նրա վարկածի` իրականում թիրախը ավտոտնակի տերն է եղել, իսկ երեք հանքափորները պատահական զոհ են դարձել: