Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հաշիմ Զաազուան հանձնարարություն է ստորագրել, որն արգելում է տղամարդ մերսողներին աշխատել հյուրանոցներում կանանց համար նախատեսված սպա-կենտրոններում: գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այդ միջոցառումն ուղղված է զբոսաշրջիկ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների կանխմանը:
Ոլորտի ղեկավարը խոստացել է խստորեն պատժել նոր կանոնը խախտողներին: Եթե նման կենտրոններում տղամարդ աշխատակից հայտնաբերվի, կենտրոնի աշխատանքը կդադարեցվի, իսկ եթե նման դեպքը կրկնվի, ապա հյուրանոցային համալիրը կզրկվի սպա-կենտրոն ունենալու լիցենզիայից եւ նրա վարկանիշը կիջեցվի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ընթացիկ ամսում Զաազուան եւս մեկ հանձնարարություն էր ստորագրել, ըստ որի կփակվեն այն հյուրանոցները, որոնց անձնակազմի աշխատակիցների կողմից սեռական ոտնձգության դեպք կգրանցվի հանգստացող կանանց նկատմամբ: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ եվրոպական խոշորագույն ընկերություններից մեկը սպառնացել էր դադարեցնել համագործակցությունը Եգիպտոսի հետ՝ սեռական ոտնձգությունների դեպքերի հաճախակի դառնալու պատճառով: Միայն Շարմ էլ-Շեյխի հյուրանոցներից 150 նման բողոք է եղել եւ երեք բռնաբարության դեպք:




























