Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» ռեստորանային համալիրի տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին («Ճոյտ») պատկանող հանգստյան գոտին լողավազաններով արդեն պատրաստ է շահագործման եւ մինչեւ հունիսի 5-ը  կհանձնվի շահագործման, սակայն նա բացում չի անելու եւ ընկերներին չի հրավիրելու, որ չնեղացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ պաշտոնական բացում չի լինելու պարզապես հայտարարվելու է, որ շահագործվում է:

Հարցին, թե ինչո՞վ է այն տարբերվելու մյուս հանգստյան գոտիներից, նա պատասխանեց, որ ունի սպորտային բոլոր հարմարությունները, մինի ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտ, բիլիարդի, թենիսի կորտ եւ այլն: Միայն մուտքի գումարը 5 հազար դրամ է: 

«Բացում անելուց պետք է հիշես բոլոր ընկերներին, գործընկերներին, ծանոթներին: Մեկին, որ մոռանում ես, հետո նեղանում են: Դրա համար, որ ոչ  ոք չնեղանա որոշեցինք բացում չանել»,- պարզաբանեց Հակոբ Հակոբյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» ռեստորանային համալիրի տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը հսկայական լողավազաններ է կառուցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատել էր տեղեկությունը, ասելով, որ դրանք «կփոխարինեն Սեւանին»:

: Ներկայացնելով ընթացող շինարարության մանրամասները, նա տեղեկացրեց, որ բացօթյա լողավազաններ են լինելու զբոսաշրջիկների եւ տեղացիների համար: «Լողավազանում լինելու են տարբեր տեսակի բեմեր՝ նախատեսված երաժշտության, փարթիների եւ տարբեր տեսակի միջոցառումների համար: Ամբողջ տարածքը ծաղիկներ եւ ջուր է լինելու: Նախատեսված է մինչեւ 700-800 մարդու համար»,- մանրամասնել էր Հակոբ Հակոբյանը: Հարցին, թե մարդկանց հասանելի կլինի՞ այդ ամենը, Հակոբյանը պատասխանել էր, որ դեռ տարբերակներ են մտածում: «Համենայնդեպս ավելի էժան կնստի մարդկանց վրա, քան գնան Սեւան ու հետ գան»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը: