Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ պատարագի մատուցման համար անհրաժեշտ գինու պաշարները սպառվում են: Դրա պատճառը դեֆիցիտն է, ինչի հետ կապված` երկրում գինու միակ արտադրողը որոշել է դադարեցնել վաճառքը եկեղեցուն:

Ըստ հոգեւորականների` եղած պաշարները կբավականացնեն առաջիկա երկու ամիսներին: Կարո՞ղ է եկեղեցին իրեն թույլ տալ սպառվելուց հետո գինի գնել արտասահմանից, դեռ պարզ չէ, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  BBC-ին:

Հիշեցնենք, որ Վենեսուելան վերջին ժամանակներս բախվում է առաջին անհրաժեշտության ապրանքների անբավարարության հետ, այդ թվում`կաթի, ձիթապտղի յուղի,  սուրճի եւ զուգարանի թղթի: Մեկ շաբաթ առաջ երկրի խորհրդարանը հավանություն էր տվել  առեւտրի նախարարությանը 79 միլիոն դոլարի արտակարգ վարկ տրամադրելուն` արտասահմանում անձնական հիգիենայի առարկաներ գնելու համար, որոնց սղությունը խիստ զգալի է Վենեսուելայում: 

Ըստ որոշ փորձագետների`ստեղծված իրավիճակի պատճառը սոցիալիստների պոպուլիստական քաղաքականությունն է, որոնք վերահսկում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Երկրի կառավարությունն էլ մեղադրում է ընդդիմությանը եւ լրատվամիջոցներին, որոնք այդկերպ փորձում են ապակայունացնել երկրի իրավիճակը: