Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի վրա, որտեղ իրականացվում են ջրագծերի փոփոխման աշխատանքներ, «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 23 UO 674 համարանիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, հայտնվել է հողաթմբերի վրա:

Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-ամյա Կարեն Կնյազյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծանր: NEWS.am-ի Լոռիի թղթակցին Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունքից հայտնել են, որ փոքրիկը ստացել է գլխուղեղի սալջարդ եւ առաջիկայում կտեղափոխվի Երեւան:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ Լոռիի քննչական բաժնի քննիչները, սակայն նյութերը փոխանցվելու են ռազմական ոստիկանության քննչական բաժին, քանի որ վթարի ենթարկված մեքենայի վարորդը զինվորական է: Այժմ ճշտվում է վարորդի ինքնությունը:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի