«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը հերքում է ներկուսակցական խնդիրներ ունենալու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «դրանք բոլորը սուտ բաներ են, նման բան չկա»: «Եթե մարդը հիվանդ է լինում, տանը պառկած է լինում, չի նշանակում էլի... ասենք էդ ձեւ պետք չի էլի էժանանալ»,- նշեց նա:
Ի դեպ, parliamentmonitoring կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Քոչարյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, 63 տոկոս չի քվեարկել, 25 տոկոս կողմ է քվեարկել, ձեռնպահ` 3 տոկոս, դեմ` 1 տոկոս, բացակա` 5 տոկոս:
Հարցին, թե ինչն է խնդիրը, որ ակտիվորեն չեք մասնակցում ԱԺ աշխատանքներին ու քվեարկություններին, պասիվ պատգամավոր եք, նա պատասխանեց, որ մի քիչ առողջական խնդիրներ ունի, այժմ ապաքինվում է, դրա մի մասը անցնում է Հայաստանում, մյուս` արտերկրում: «Դե ես միշտ էլ, երբ ստեղ եմ եղել, Հանրապետությունում եմ եղել, ես միշտ մասնակցել եմ, կուսակցությունը ինչ որոշում կայացրել է, արվել է»,- ասաց նա` հավելելով, որ ապաքինումից հետո ավելի ակտիվ կլինի:
«Էլի ակտիվ եմ, ինչի՞ ակտիվ չեմ, նոր պատգամավոր եմ, հլը ընթացքի մեջ կընկնեմ, հունի մեջ կընկնեմ, իսկ էնպես միշտ էլ ակտիվ եմ»,-ասաց Դավիթ Քոչարյանը:
Հարցին, թե ինչպե՞ս եք տեսնում ԲՀԿ-ի ընթացքը` ընդդիմություն, իշխանություն, թե այլընտրանք, նա պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը ինչ-որ ասել է, ուրեմն էդպես է»: Մեր դիտարկմանը, թե Դուք ձեր սեփական կարծիքը չունե՞ք, նա արձագանքեց. «Ունեմ իմ սեփական կարծիքը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել: Մամուլով կուսակցության առաջնորդն ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել»:
Հարցին, թե Դուք ցանկություն ունեք, որ ԲՀԿ-ն իշխանությո՞ւն լինի, դառնա կոալիցիոն գործընկեր, պատգամավորը նկատեց. «Կուսակցությունը, խմբակցությունը ոնց կորոշի, այդպես էլ կշարժվենք»:
Նշենք, որ «168 ժամ» թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ում արդեն գրեթե հրապարակավ պահանջում են, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունից հեռացնի ԱԺ ԲՀԿ խմբակցության երեք պատգամավորներին՝ Հարություն Ղարագյոզյանին, Դավիթ Քոչարյանին եւ Գրիգորի Մարգարյանին:
Նրանց մեղադրում են կուսակցական կարգապահությունը խախտելու, կուսակցության խմբակցության կառավարության ծրագրին դեմ քվեարկելու որոշումը չկատարելու համար:



























