Չորս խոշոր ընտրություններ եւ կարելի  է ասել ոչինչ չի փոխվել ընտրությունների արդյունքում, որովհետեւ ՀՀԿ-ն մշտապես պետության ռեսուրսներն օգտագործելով վերարտադրել է իրեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Կովկասյան ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց  «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Նա նշեց, որ այս դեպքում  եւս նույն  ձեւով պետական լծակների եւ ընտրությունների անվերահսկողության պայմաններում իշխանությունը վերարտադրեց ինքն իրեն, գործարարները նորից հայտնվեցին խորհրդարանում։ «Որքան էլ ցուցակներում ընդգծված գործարարներ չկան, նրանք խորհրդարան եկան մեծամասնականով։ Սա մի հնարավորություն է, երբ իշխող կուսակցությունը 41 տոկոս բոնուս է ստանում, խորհրդարանի մեկ երրորդը կանխավ իշխանությունը կարող է  համարել իրենը, որովհետեւ այդտեղ անցնում են այն մարդիկ, որոնց մեջքին թփթփացնում է  իշխանությունը»,- ասաց նա՝ շեշտելով, որ  ոչ մի փոփոխոււթյուն չարվեց իշխանության, բիզնեսի, պետության եւ կուսակցության տարանջատման համար։

Ստեփան Սաֆարյանը մի քանի դիտարկումներ արեց առ այն, որ նախագահական ընտրություններին մարզերում ապահովվել են հսկայական անբնական քվեներ Սերժ Սարգսյանին, Գյումրիում եւ Իջեւանում գործող իշխանությունը exchange է արել եւ դրանք անցել են ԲՀԿ-ի տրամադրության ներքո։ Նա նաեւ շեշտեց, որ «Ժառանգության» վերահաշվարկի որեւէ դիմում չի բավարարվել նախագահական ընտրություններից հետո, եթե իրականացվել են վերահաշվարկներ, դրանք իրականացվել են այլ պատճառներով, ոչ թե «Ժառանգության» պահանջով։

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա, «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով,  դրա ժամանակ մանիպուլյացիաները տեղի են ունեցել ընտրացուցակներում քվեարկողների թիվ ուռճացնելով, «ոչ միայն քվեն է վերածվել բիզնեսի, այլեւ սեփական բնակարանում ընտրողներ գրանցելը»։

«Չորս ընտրություններ անցկացվեցին մի ընտրական օրենսգրքով, որը թույլ չի տալիս տարանջատել պետությունը կուսակցությունից, սա Վենետիկի հանձնաժողովի գնահատականն է։ Այսպիսի ընտրությունների արդյունքում ոչ մի երկրում ոչ մի բան չէր փոխվի, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել ընտրությունների միջոցով, ունենք նույն իրավիճակը»,- ասաց նա։

Ստեփան Սաֆարյանը չհերքեց, որ ավագանու ընտրությունները հիասթափության ընտրություններ էին, «ինչ-որ չափով չկարողացանք պահել ընտրազանգվածը»։ «Հրաշալի խաղ է գնում, եթե ՀՀԿ-ն իր դիրքորոշումն ուներ, մնացածի պարագայում դժվար էր հասկանալ՝ ինչ է կատարվում, ԲՀԿ-ն ընդդիմություն չէր, բայց ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն խաղում էին իր հետ: Այո, ընդդիմությունը փլատակների մեջ է։ Ես չեմ ասում, թե մենք ամեն ինչ արել ենք, մարդիկ իզուր են հիասթափվել, մեծ սպասումներ կային հետընտրական զարգացումների հետ կապված»,- նշեց նա։

Մյուս կողմից, Ստեփան Սաֆարյանը շեշտեց, որ  հավասարապես թույլ է նաեւ իշխանությունը, եթե թույլ չլիներ, վարչական ռեսուրսը չէր օգտագործի։