Թուրքիայի արտգործնախարարության մամլո քարտուղար Բուրաք Օզուգերգինը մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը համարել է լուրջ վնաս ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում եւ հայտարարել, որ այն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը փակուղի կմտցնի։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Օզուգերգինը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը սպասում է, թե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կմերժի օրակարգ ներառել թիվ 252 բանաձեւը, քանի որ այն մեծ հարված կլինի Կովկասում խաղաղության եւ կայունության համար տարվող ջանքերին։

Նշենք նաեւ, որ երկու պաշտոնական պատվիրակություն փետրվարի 28-ին մեկնել են ԱՄՆ՝ կանխարգելելու հայկական բանաձեի ընդունումը։

Բացի այս, թուրքական խորհրդարանը նամակ է գրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ նշել, որ հայկական օրինագծի ընդունումը կվնասի թե՛ թուրք-ամերիկյան, թե՛ հայ-թուրքական նոր սկսվող հարաբերություններին:

Իր հերթին Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Աբրամովիչը հայտարարել է, որ հայկական օրինագիծը կարող է շատ հանգիստ ընդունվել, քանի դեռ Օբաման որեւէ բան չի ձեռնարկում այն խափանելու ուղղությամբ: