Երեւանի կենտրոնում՝ Մատենադարանին հարող տարածքում ժամը 17.20-ին սկսվեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը՝ նվիրված 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին: Ամբիոնում արդեն հայտնվել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավարները՝ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հանրահավաքի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ընդդիմության հանրահավաքը ցրելու նպատակով ոստիկանության ներքին զորքերի ձեռնարկած հատուկ գործողության տասը զոհերի հիշատակը:
Ինչպես հայտնեց հանրահավաքը վարող, Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, չնայած երկու տարի առաջ առավոտյան իշխանությունների ուժային գործողություններին, չհաջողվեց կոտրել ժողովրդին, որն ավելի մեծ քանակությամբ հավաքվեց օրվա երկրորդ կեսին:
Հանրահավաքում զոհերի հարազատների անունից ելույթ ունեցավ 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը, որը կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդեց իշխանությունների վրա: Նա նաեւ հավելեց, որ առանց Հայ ազգային կոնգրեսի, նրան սատարող ժողովրդի աջակցության՝ իրենք չէին կարողանա տանել իրենց վիշտը: Հանրահավաքում հայտարարվեց նաեւ, որ ՀԱԿ-ը մրցույթ է հայտարարել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի համար:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը չէր ճանաչել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ պահանջել էր վերանայել դրանք: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների 9-օր տեւած շուրջօրյա խաղաղ հանրահավաքներից եւ երթերից հետո մարտի 1-ի վաղ առավոտյան իրավապահները ցրեցին Ազատության հրապարակի բողոքի գործողության մասնակիցներին: Օրվա երկրորդ կեսին տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ ինքնաբուխ հավաքվեցին Երեւանի կենտրոնում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ: Իշխանությունները ժամը 21-ին փորձեցին ցրել ցուցարարներին, որոնք ի պատասխան դիմադրություն ցույց տվեցին: Բախման արդյունքում զոհվեց 8 ցուցարար, նաեւ մեկ զինվոր եւ մի սպա:



























