Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու պահպանության համար հերթապահող քաղաքացիների դեմ ոստիկանությունը շարունակում է բիրտ միջոցներ կիրառել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 31-ի առավոտյան ոստիկանների սկսած գրոհը սեփական քաղաքացիների հանդեպ շարունակվել է նաեւ օրվա ընթացքում։
Ոստիկանության գործողությունների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստւճանի վնասվածքներ ստացած տասնյակ քաղաքացիներ, այդ թվում զբոսաշրջիկներ եւ պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանությունը մայիսի 31-ի վաղ առավոտյան կոշտ միջոցներով ցրել է Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու պահպանման համար հերթապահող քաղաքացիներին։
Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածը ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։




























