Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօր` մայիսի 31-ին կայացած դատական նիստում որոշեց լրացուցիչ վկաներ դատակոչել դատարան:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ մյուս տուժողների ներկայացուցիչները միջնորդել են որպես լրացուցիչ վկաներ հարցաքննել զգալի թվով անձանց: Լրացուցիչ վկաների թեկնածուներին, ըստ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանի, կարելի է բաժանել երկու խմբի՝ արդեն հարցաքննված եւ չհարցաքննված անձինք: Մեղադրողն ընդգծեց, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել այն վկաների ցուցմունքները, որոնք նշանակություն են ունեցել մեղադրանքի գնահատման տեսանկյունից: Մեղադրողը նկատեց, որ մինչ դատարանում հարցաքննելը կարծիք կար, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարանում հարցաքննությունը «շրջադարձային ու հեղափոխություն է լինելու», սակայն այդպես տեղի չունեցավ: Մեղադրողի գնահատմամբ, ավելի բովանդակային ու ընդարձակ էին Ռ.Հայրապետյանի նախաքննական ցուցմունքները:

Մեղադրողը չառարկեց երեք վկաների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներ Մամիկոն Հարությունյանին, Արթուր Մանուկյանին եւ Աշոտ Սնջոյանին դատարանում հարցաքննելու տուժողների ներկայացուցիչների միջնորդության դեմ, նրանց եւ ամբաստանյալների հեռախոսների միջեւ հեռախոսազանգեր են արձանագրվել: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը, ինչպես նաեւ համալիրի մի շարք մատուցողների դատարանում հարցաքննելու տուժող կողմի միջնորդությունները: Մյուս միջնորդությունների քննարկումը դատարանն առայժմ հետաձգեց՝ մինչեւ կպարզաբանվեն նրանց հարցաքննելու համար էական հանգամանքներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից  մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):