Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդ քաղաքի արդիականացված փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

«Հայփոստ»-ից հայտնում են, որ շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային եւ հարակից ծառայությունների զարգացմանը: Նոր ենթակառույցների եւ սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Բերդի բնակիչներին: Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ: