Գեղարքունիքի մարզ բնակիչ Մանվել  Բ.-ն ծեծել է կնոջը, բացի այդ  կոտրված ապակյա շիշը վերցնելով, կոտրված հատվածը ուղղել կնոջ պարանոցին սպառնալով սպանել: Մարտունիի շրջանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործով իրենք են դատական որոշում կայացրել:

Գործի նյութերի համաձայն՝ Մանվել  Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  իրենց տան հյուրասենյակում, կնոջ` Սոֆիկ  Մ.-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում մի քանի անգամ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Բացի այդ Մանվել Բ.-ն օրեր անց կրկին վիճաբանության ընթացքում սեղանի վրա դրված օղու եւ գարեջրի շշերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, որից հետո գետնին ընկած կոտրված ապակյա շիշը վերցնելով կոտրված հատվածն ուղղել է դեպի կնոջ պարանոցը եւ 30-40 սմ հեռավորության վրա պահելով սպառնացել, թե կսպանի` ունենալով այն իրագործելու իրական հնարավորություն:

Այսինքն, Մանվել Բ-ին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով: Սակայն մինչ դատաքննության անցնելն ամբաստանյալ Մանվել  Բ.-ն եւ տուժող Սոֆիկ  Մ.-ն դիմում են ներկայացրել դատարան եւ հայտնել, որ հաշտվել են, որեւէ բողոք պահանջ չունեն միմյանց նկատմամբ եւ խնդրել քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել:

Դատարանը որոշել է Մանվել Բ.-ին առաջադրված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: