Կյանքին վտանգ սպառնացող սպառնալիքներ են սկսել Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի հարեւանների, եւ նախաձեռնության այլ անդամների հասցեին: Այս մասին, այսօր` մայիսի 31-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Նախախորհրդարանի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը: (ֆոտոռեպորտաժ)

Նշենք, որ հանրահավաքում քննարկվում է Հայաստանում նորագաղութային տիրապետության հաղթահարման եւ նոր որակի պետության ձեւավորման ճանապարհային քարտեզը:

Ավետիսյանը հայտարարեց, որ չեն ընկրկելու եւ շարունակելու են պայքարը: Քաղաքացիների կողմից հնչեցին նաեւ հարցեր, որտեղ նրանք հիմնականում հետաքրքրվում էին, թե նախաձեռնությունն ի՞նչ միջոցներով է երկիրը դուրս հանելու այս իրավիճակից: Ի պատասխան, հանրահավաքի կազմակերպիչներն ասացին, որ իշխանությունը պետք է ձեւավորվի հանրաքվեի միջոցով եւ, երբ իշխանությունը վերադարձվի  ժողովրդին, այդ ժամանակ երկիրը տնտեսական իրավիճակից դուրս բերելու ելքերը կհստակեցվեն:

Ինչ վերաբերում է արտագաղթին, նրանք ասացին, որ իշխանափոխության հասնելու դեպքում, ոչ միայն կանխարգելելու են արտագաղթը, այլեւ Հայաստանը դարձնելու են ներգաղթի երկիր: Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ  դիմելով Գարեգին Չուքասզյանին, ասաց, թե նպատակահարմար համարում է Րաֆֆի Հովհաննիսյանին հարթակից հարցնել, թե ինչու չի միանում այս շարժմանը: «Կարծում եմ դուք արդեն այդ հարցը հնչեցրեցիք»,- արձագանքեց Գարեգին Չուքասզյանը եւ ավելացրեց, որ հասնելու են փոփոխության, քանի որ դանակը հասնել է ոսկորին:

Իսպանիայից վերադարձած քաղաքացիներից մեկն էլ հարցրեց, թե արդյոք «Նախախորհրդարանը» սփյուռքում ունի՞ միավորումներ, ինչին Գարեգին Չուքասզյանը պատասխանեց, որ  8 մեծ գաղութներում արդեն ստեղծվել են միավորումներ, բայց իրենք հայաստանակենտրոն են, այլ ոչ թե՝ սփյուքակենտրոն: