«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ -ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել ոսկու կորզման արտադրամասի փոփոխված աշխատանքային նախագիծ, հաղորդում է «Էկոլուրը»:
Նշենք, որ ՀՀ Բնապահպանության նախարարությունը սույն թվականի մայիսի 7-ին հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ նախարարությունը «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ հասարակայնությունը եւ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչները կտրականապես դեմ հանդես եկան Մեղրաձորի առողջարանային գոտում «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ -ի կողմից ցիանային եղանակով ոսկու կորզման արտադրամասի կառուցման նախագծին: Կազմակերպեցին բողոքի ակցիաներ ՀՀ նախագահի նստավայրի մոտ` Մեղրաձորցիների 500 ստորագրություններով բողոքի նամակ փոխանցելով ՀՀ նախագահի աշխատակազմին:
Նամակում մասնավորապես նշված էր. «Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետեւից կբերի զանգվածային արտագաղթ: Խնդրում ենք Ձեզ` որպես օրինականության եւ Սահմանադրությամբ ամրագրված առողջության եւ առողջ շրջակա միջավայրի մեր իրավունքի երաշխավորի, կանգնեցնել վտանգավոր նախագիծը, որը սպառնում է Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու գոյությանը, համայնքների գյուղատնտեսական գործունեությանը եւ տվյալ տարածքում մեր հետագա բնակվելուն. «Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտու կենտրոնում մտադիր են ցիանային արտադրություն կառուցել: Մեր Մեղրաձոր գյուղին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը»:
Նշենք, որ ՀՀ Բնապահպանության նախարարությունը սույն թվականի մայիսի 7-ին տարածեց հայտարարություն, որում նշված էր, որ նախարարությունը «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:



























