Վանաձորի մանկատանը դեռեւս շարունակում են բնակվել 0-18 տարեկան 88 երեխաներ, որոնց մեծ մասը կամ ծնողազուրկ են, կամ էլ՝ ճանաչված են առանց ծնողական խնամքի: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանն ասաց, որ մանկատան սաների մեծ մասը 6-15 տարեկան երեխաներն են, նախորդ տարի մանկատանն ավելի շատ երեխաներ են բնակվել՝ 95 երեխա:

Արշալույս Հարությունյանի փոխանցմամբ՝ թե նախորդ տարի, եւ թե այս տարի որդեգրումներ Վանաձորի մանկատնից չեն եղել, պատճառը ըստ տնօրենի՝ երեխաների բարձր տարիքն է: «Որդեգրման ենթակա երեխաներ ունենք, բայց տարիքները մեծ են… իսկ որդեգրել ցանկացողները փոքր երեխաներ են ուզում»,-ասաց նա: Կան նաեւ երեխաներ, որոնց ծնողները կամ ծնողը մեկնել են արտագնա աշխատանքի՝ երեխային էլ հանձնել են մանկատուն:

Մանկատան ամենահին բնակիչն արդեն 12 տարի է, ինչ ապրում է այստեղ: Թեեւ մանկատան երեխաների մեծ մասը միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ է, սակայն կան նաեւ փոքրիկներ, որոնք թե հայր ունեն, թե՝ մայր, թե բավարար պայմաններ՝ բնակվելու համար, սակայն չգիտես ինչու կամ ում կամքով հայտնվել են մանկատանը:

Մանկատան սաներն, ըստ օրենքի, մանկատանը կարող են բնակվել մինչ 18 տարեկան դառնալը, դրանից հետո սակայն նրանց համար կյանքը այլ է դառնում, չունենալով  բնակվելու ու գիշերելու տեղ, չունենալով կրթություն ու մասնագիտություն, աշխատանք ու օրվա հացի փողը վաստակելու հնարավորություն, նրանք շատ հաճախ դիմում են տարբեր քայլերի:

Մանկատան տնօրենը եւս փաստում է, որ մանկատան երեխաները ոչ մի խնդիր չունեն մանկատան պատերի ներսում, իսկ այ դուրս գալով կյանք, վերը թվարկված բոլոր խնդիրները անխուսափելի են դառնում:

Թեեւ պետությունն ամեն տարի որոշակի քանակով բնակարաններ է տրամադրում մանկատան շրջանավարտներին, սակայն քիչ չեն այն շրջանավարտները, որոնք այսօր ապրում են հանրակացարաններում կամ տնակներում, կամ էլ՝ փողոցում:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am