«ՊանԱրմենիան մեդիա գրուփ»-ի եւ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայկական ներկայացուցչության միջեւ համաձայնագիր է կնքվել,  որն ազդարարում է նոր ծրագրի սկիզբ: Փաստաթուղթը ստորագրել են «ՊանԱրմենիան մեդիա գրուփ»-ի նախագահ եւ գործադիր տնօրեն  Վազրիկ Սեկոյանը եւ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայկական ներկայացուցչության  տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ծրագիրը վեց ամսյա է, արդյունքները կամփոփվեն տարեվերջին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է սպառողական շուկաների, ապրանքների եւ մատուցված ծառայությունների, ինչպես նաեւ պետական գերատեսչությունների եւ պետական կառավարման մարմինների առանձին ներկայացուցիչների գործունեության դիտարկում անցկացնել:

Վազրիկ Սեկոյանը լրագրողներին հայտնել է, որ տվյալ նախաձեռնությունը կոմերցիոն չէ, այն ուղղված է շուկայի մրցունակության բարձրացմանը եւ զարգացմանը: Ծրագրի արդյունքները ներկայացվելու են կիսամյակներով, վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին, հնարավոր է՝ գալա համերգի ժամանակ: Լավագույն ընկերություններին եւ արտադրողներին նախատեսվում է պարգեւատրել  խրախուսական մրցանակներով:

Ըստ Արամ Նավասարդյանի՝ ներկայումս տիրում է այն մոտեցումը, երբ այս կամ այն ընկերությունն իրեն լավագույն է հռչակում:  «Հաճախ սա համապատասխանում է իրականությանը: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ գնորդին մոլորեցնում են: Տվյալ հետազոտությունը կօգնի հստակեցնել վիճակը», - նշել է Նավասարդյանը: