Հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Երազանքների քաղաք» ժամանցային փառատոն-ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսի բազմազան տաղավարներում ներկայացված էին փառատոնին մասնակցող տասնյակից ավելի ընկերությունների մանկահասակ երեխաներին առնչվող արտադրանքի նմուշները: Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցադրությանը եւ իր գոհունակությունը հայտնել արտադրողներին՝ միջոցառմանը ակտիվորեն մասնակցելու համար:
Հավաքույթի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ սփյուռքի նախարարը նշել է. «Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ մանուկներին, մաղթում նրանց ջերմություն եւ խաղաղություն իրենց երկրներում, ու թող յուրաքանչյուր մանուկ անհոգ ու երջանիկ ապրի երազների իր քաղաքում»:
Փառատոն-ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ սիրիահայ երեխաները:




























