Երեւանում, այսօր՝ հունիսի 1-ին, ոստիկանությունը ուժեղ հսկողություն է իրականացնում այն բոլոր վայրերում, որտեղ երեխաներ կան (ֆոտոռեպորտաժ): Այս մասին այսօր Մանկական երկաթուղում ծառայություն իրականացնելիս NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի Ճանապահային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Նա իր ծառայությունն էր իրականացնում Մանկական երկաթուղում եւ տեսնելով NEWS.am-ի կազմակերպած բարեգործական միջոցառումը՝ իր ներդրումն ունեցավ:

Արսեն Արշակյանը նշեց, որ առավոտից ուժեղացված ծառայություն է իրականացվում եւ, որեւէ միջադեպ երեխաների մասնակցությամբ չի գրանցվել, ոչ ճանապարհատրանսպորտային պատահար, ոչ այլ միջադեպ: Նախորդ տարի եւս որեւէ միջադեպ չի արձանագրվել: «Զվարճանքի կենտրոններում, այգիներում, գազանանոցում կանգնած պահակակետեր կան: Ճանապարհային ոստիկանները անձամբ շփվում են երեխաների հետ, օգնում են նրանց ճանապարհը անցնել, ապահովվում են նրանց ազատ տեղաշարժը, անվտանգությունը»,- ասաց Արսեն Արշակյանը:

ՃՈ պետի խոսքով՝ արգելված է հասարակական տրանսպորտի մուտքը հասարական վայրեր եւ իրենք այսօր երկու խնդիր են լուծում` երեխաների անվտանգություն եւ ազատ տեղաշարժ: Արսեն Արշակյանը շնորհավորեց աշխարհի բոլոր մանուկներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով ուրախ, երջանիկ ապագա իրենց ընտանիքներում: ՃՈ պետը ցավոք չի հասցրել իր երեխաների տոնն անձամբ կազմակերպել, քանի որ աշխատանքի մեջ է` այդ ամենն արել է իր կինը: Սակայն նա մի քանի դրվագ հիշեց իր մանկությունից: Մասնավորապես մեզ հետ զրույցում պատմեց, որ իր մանկությունը անցել է երաժշտական մթնոլորտում, քանի որ երաժշտական կրթություն ունի, նա հարվածային գործիքներ է նվագում:

Արսեն Արշակյանը խոստովանեց, որ մանուկ հասակում բավականին աշխույժ երեխա է եղել: «Համով աշխույժ, ոչ մեկի համար խնդիր չեմ առաջացրել: Մանկուց երազել եմ ոստիկան դառնալ: Ամենից շատ սիրել եմ համազգեստը, իսկ սիրելի խաղալիքներս են եղել զենքը եւ ռադիոկապերը: Միշտ պատկերացրել եմ զենքը տաբատիս ամրացված: Մեծանալով զինվորական ընտանիքում, տեսնելով զինվորական համազգեստը, դա մեծ դեր է խաղացել իմ ապագա մասնագիության ընտրության հարցում»,- ավելացրեց Արսեն Արշակյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am