Թուրքական կառավարությունը չի հրաժարվի Ստամբուլի կենտրոնի «Գեզի» զբոսայգու վերակառուցումից, որի պատճառով երկրում զանգվածային անկարգություններ են ծագել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

AFP-ին վկայակոչելով՝ lenta.ru-ն գրում է, որ կառավարության ղեկավարը ցուցարարներից պահանջել է անմիջապես դադարեցնել բողոքի ցույցը եւ վնաս ու անհարմարություններ չպատճառել Ստամբուլի բնակիչներին ու հյուրերին:

Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են «Գեզի» զբոսայգու տարածքում վերականգնել Օսմանական կայսրության ժամանակների զորանոցներրը:

Էրդողանը նշել է, որ զբոսայգու տեղում առեւտրի կենտրոնի կառուցման հարցը, որը ավելի վաղ նախատեսվում էր, առայժմ հստակ չէ:

Միաժամանակ «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ շատ հայտնի բրենդներ արդեն հրաժարվել են «Գեզի» այգու տեղը կառուցվող առեւտրի կենտրոնում տաղավարներ վարձակալելուց: Մասնավորապես, իրենց այդ մտադրության մասին Hurriyet թերթին հայտնել են Silk & Cashmere, Boyner եւ Herry ընկերությունների ղեկավարները:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ի երեկոյից ի վեր բողոքի ալիք է տարածվել Թուրքիայում՝ Անկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Մուղլիում, Բուրսայում, Մերսինայում, Զոնգուլդաղում, Քոնյայում եւ այլ վայրերում:

Թասքիմ հրապարակում շարժական հոսպիտալ է ստեղծվել: Կան հարյուրավոր վիրավորներ եւ ձերբակալվածներ: Միայն Էսքիշեհիրում ձերբակալվել է 100 մարդ, գրում է տեղի Es Gazete թերթը: Հունիսի 1-ի վաղ առավոտյան հարյուրավոր բողոքողավորներ Աթաթուրքի կամրջով ասիական հատվածից անցել  էին հետիոտների համար արգելված եվրոպական հատված՝ Թաքսիմի ցուցարարներին աջակցելու նպատակով: