Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը կուսակցության համագումարին եկել է Կալաշնիկով ինքնաձիգով: Նրա ելույթը կայացել է փակ դռների հետեւում, որից հետո նա չի ցանկացել շփվել լրագրողների հետ:
Ի տարբերություն նրա` մամուլի ներկայացուցիչների հետ հաճույքով զրուցել է կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Ժուրավլյով` հպարտորեն ցուցադրելով նվեր ստացած ինքնաձիգը: Նա պատմել է, որ այդ նվերը տալով` Դ. Ռոգոզինը նշել է, որ այժմ «Պուտինի սպեցնազը», ինչպես կուսակցությունն ինքն իրեն կոչում է, «զինված է եւ շատ վտանգավոր հայրենիքի թշնամիների համար»:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ն, համագումարը տեղի է ունեցել մերձմոսկովյան Արխանգելսկոյե ավանում: Կուսակցության նախագահ Ա. Ժուավլյովն առաջարկել է որպես կուսակցության ծրագրի մաս ներառել Վ. Պուտինի առաջարկած 7 նախընտրական հոդվածները. «Պուտինի յոթ հարվածները Ռուսաստանի` հայրենիքի համար»: Կուսակցությունը վերցրել է նաեւ Դ. Ռոգոզինի «Ազգի պահպանումը» կոչվող ծրագրի տեքստը:
Իբրեւ կուսակցության արժեքներ նա նշել է հայրենասիրությունը, առողջ պահպանողականությունը, սոցիալական արդարությունը, «ամուր ընտանիքը` հայրիկով եւ մայրիկով»: Որպես կուսակցության նպատակներ կուսացության ներկայացուցիչը նշել է պայքարն ապօրինի ներգաղթյալների դեմ, Ռուսատանի պաշտպանական ներուժի ամրապնդումը, ինչպես նաեւ 90-ականներին հատուկ սոցիալական փորձարարություններին հակազդելը:




























