Երեւանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չի բացառում, որ վերակառուցման արդյունքում Հանրապետության հրապարակի տեսքը կարող է ձեւափոխվել:

«Պետք է այնպես անել, որպեսզի Հանրապետության հրապարակը ծառայի մարդկանց»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: Ինչպես նշեց Նարեկ Սարգսյանը, պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաեւ Լենինի արձանի տեղում որեւէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին:

«Ինչպես լուծել խնդիր, որպեսզի հրապարակը դառնա մարդու համար: Այսինքն մեր հրապարակի հիմնական մասը` մոտ 2 հեկտար տարածքը չի օգտագործվում, դա միայն օգտագործում է տրասնպորտը: Ժողովուրդը օգտագործում է միայն շատրվանների հատվածը: Ես չգիտեմ` որեւէ տեղ կա՞ այդպիսի հրապարակ կա, թե՞` չկա», - ասաց գլխավոր ճարտարապետը` հավելելով. «Հրապարակի տեսքը երբեք ամբողջությամբ փոխվել չի կարող: Փոփոխություններ կարող են վերաբերվել Լենինի արձանի հատվածին, գորգի հատվածին, շատրվանների հատվածին, բայց գլոբալ քաղաքաշինական, ճարտարապետական փոփոխություններ մենք չեն ենթադրում: Բայց մենք չենք բացառում, որ մրցույթի արդյունքներով հնարավոր է այնպիսի հետաքրքիր առաջարկներ լինեն, որոնք հանրային եւ այլ քննարկման արդյունքներով դառնան ընդունելի բոլորի համար»:

Սարգսյանը չբացառեց շենքերի ձեւափոխումների հնարավորությունը. «Չեմ բացառում, որ կարող են առաջարկներ լինել հատկապես Պատկերասրահի շենքի առնչությամբ, որովհետեւ այդ շենքը իր դիրքով եւ իր ճարտարապետությամբ մասնագետների ճնշող մասի կարծիքով` իր տեղում չէ, եւ ժամանակին սխալ է տեղի ունեցել», - ասաց նա:

Եթե Հանրապետության հրապարակում տեղակայված Պատկերասրահի շենքը կարող է փոփոխությունների ենթարկվել, ապա Երեւանի ճարտարապետը բացառում է, թե առաջարկներ կլինեն ձեւափոխելու Փոստի, «Արմենիա Մարիոթի» եւ արտգործնախարարության շենքերը: Թերեւս միակ բացառությունը կարող է լինել կառավարության շենքի գլխին թմբուկի կառուցումը:

Հարցին, թե արդյոք հրապարակի վերակառուցումը այդքա՞ն հրատապ էր` հաշվի առնելով մայրաքաղաքում առկա բազմաթիվ խնդիրները, Սարգսյանը, ով նաեւ մրցութային հանձնաժողովի նախագահն է, պատասխանեց, թե չի հասկանում հարցադրումը: «Իրապես չեմ կարող հասկանալ: Ամեն տեղ իր խնդիրներն ունի, եւ հրապարակն էլ իր խնդիրներն ունի: Հրապարակի ստորգետնյա ուրբանիզացիայի հարցը շատ հրատապ խնդիր է», - ասաց նա:

Ի դեպ, հրապարակը վերակառուցելու նպատակների մեջ նշվում է, թե հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձեւավորվել, որոնք աղճատում են հրապարակի տեսքը: Նարեկ Սարգսյանին հարցրեցինք, թե ո՞վ է մեղավոր այդ աղճատման համար:

«Ես չեմ ուզում ասել, թե ով է մեղավոր, ես էլ իմ բաժին մեղքն ունեմ, ուրիշներն էլ ունեն: Ես ունեմ իմ մեղքի մասնաբաժին կապված այն սիլուետների հետ, որոնք Հյուսիսային պողոտային են վերաբերում, եւ վերջ», - ասաց Սարգսյանը:

Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ են հրապարակը աղճատող մյուս բարձրահարկ շենքերը կառուցվել, Սարգսյանը չցանկացավ նշել: Նկատենք, որ Սարգսյանը 2011 թվականից Երեւանի ճարտարապետն է, իսկ 2008-2011 թվականներին զբաղեցրել է Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը. հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր այդ ամենը կառուցվել առանց նրա իմացության:

Սարգսյանն ասաց, թե ինքը չի կարող բոլորի փոխարեն եւ բոլոր տարիներին կառուցված շինությունների համար պատասխան տալ, այժմ կարող է ասել, որ հրապարակի եւ դրա տեսանելիության հետ կապված խնդիրների լուծման տարբերակներ կան: Երեւանի ճարտարապետը հրաժարվեց իր կարծիքը հայտնել այն մասին, թե ինչպես են հրապարակի աղճատումը վերացնելու` ասելով, թե պետք է սպասել մրցույթի արդյունքներին: