Մախաչկալայի քաղաքապետ Սայիդ Ամիրովին քաղաքի կենտրոնական հրապարակում ավտոմեքենայից նստեցրել են ռազմական ուղղաթիռ ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Ռուսական մոլորակը»:
Հիշեցնենք, որ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի քաղաքապետ Սայիդ Ամիրովը ձերբակալվել է ծանր հանցագործությանը մասնակից լինելու մեղադրանքով: «ՌԻԱ Նովոստին» հաղորդել է, որ քաղաքի վարչակազմում հունիսի 1-ին խուզարկություն է իրականացվել, որը աչնչություն ունի Ամիրովի զարմիկի` Կասպիյսկի փոխքաղաքապետ Յուսուպ Ջապարովի հետ, որը կասկածվում է հանցավոր խմբի մասնակցության մեջ:
«Life News»-ը տեղեկացնում է, որ քաղաքապետի ձերբակալման օպերացիան ակնթարթորեն է իրականացվել. բարձրաստիճան պաշտոնյային վերցրել են հաշված րոպեների ընթացքում, նա, ի դեպ, շատ զարմացած է եղել կատարվածով:
Իրավապահների վարկածով` Ամիրովն անմիջական մասնակցություն է ունեցել այսպես կոչված «կոլխոզնիկ» բանդային, որը կազմակերպվել է Կասպիյսկի դատախազության աշխատակցի կողմից: Խմբավորման մասնակիցների թվում եղել են թե ուժայիններ, թե բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ամիրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է եւ Մախաչկալայի վարչակազմը ղեկավարում է 1998թ-ից:
«Մենք տեղյակ ենք, որ նա ձերբակալվել է եւ որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դեռ բարդ է ինչ-որ բան ասել, քանի որ ավելի մանրամասն տեղեկատվություն չունենք»,-ասել է Դաղստանի հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնական ներկայացուցիչը:




























