Սյունիքի մարզպետի տան մոտ հունիսի 2-ին հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Սուրեն Խաչատրյանի թիկնապահի`  Նիկոլայ Աբրահամյանի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Նա նշեց, որ վերջինս Վերակենդանացման բաժանմունքում է, միացված չէ արհեստական շնչառության ապարատին, շնչում է ինքնուրույն: Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածք էր ստացել հաստ աղիքի շրջանում, Գորիսի բժշկական կենտրոնում նրան վիրահատել են եւ տեղափոխել Երեւան: Այժմ այլ վիրահատություն նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Առուստամյանի վիճակը` կայուն ծանր:

Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալային միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել: