Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը նոր վարչապետ է նշանակել: Պաշտոնը զբաղեցրել է Ռամի Համդալլահը՝ լեզվաբան, Ազգային ան-Նաջահ համալսարանի ռեկտոր: Մահմուդ Աբասի հրահանգով՝ 55-ամյա Ռամի Համդալլահը 3 շաբաթվա ընթացքում պետք է նոր կառավարություն ձեւավորի, հայտնում է Businessweek-ը:
Համդալլահը կփոխարինի տնտեսագետ Սալյամ Ֆայադին, որը հրաժարական էր տվել 2013թ. ապրիլին` վարչապետի պաշտոնում աշխատելով վեց տարի: Համդալլահի տեղակալները կդառնան Մուհամադ Մուստաֆան եւ Զիյադ Աբու Ամրին:
Ռամի Համդալլահը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում: Պաշտոնապես Պաղեստինի նոր վարչապետը ոչ մի քաղաքական շարժման հետ կապված չէ: Համդալլահն արդեն հայտնել է Պաղեստինի ժողովրդի բարօրությանն ի նպաստ աշխատելու իր պատրաստակամության մասին եւ ընդգծել, որ բոլոր ջանքերը կգործադրի Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետություն ստեղծելու համար:




























