Հունիսի 2-ին Հայ առաքելական սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մայր աթոռի տեղեկատավական համակարգից հայտնում են, որ պատարագիչ Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի կարեւորությանն ազգային-եկեղեցական կյանքում, մասնավորապես ասել է. «Անշուշտ Ս. Էջմիածինը դարերի ալեկոծություններ տեսավ, Հայրապետական աթոռն աստանդական եղավ, սակայն երբեք Ս. Էջմիածնի հավերժական տեսիլքն իր պատմական վայրից չխախտվեց, տեսիլքը մնաց այստեղ ու վերահաստատեց իր պատմական հանգամանքը: 17 դարեր անցան հավատքի եւ հավատարմության, թեկուզեւ փորձությունների ու վերաշինության, բայց անմար լույսի սյունը, Աստծո տաճարն ու աղոթքի տունը հարատեւ նույն տեղում է եւ մշտապես ձգում է համայն հայությանը»: Սրբազանը հավատացյալ հայորդիներին պատգամել է չխախտել իրենց հավատարմության ուխտը եւ հաստատուն պահել նվիրումը Ս. Էջմիածնի հանդեպ:
Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջեւ, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության եւ անսասանության համար:



























