Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, ինչպես միշտ, կկայանա հունիսի 6-ին` հինգշաբթի օրը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀԿ գրասենյակից:

Առայժմ հայտնի չէ, թե ԳՄ նիստին կքննարկվի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը` կապված վերջինիս տան մոտ տեղի ունեցած սպանության դեպքի հետ:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում այսօր կամ վաղը կայանալիք ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստի մասին: Նշվում է նաեւ, որ Սուրեն Խաչատրյանը պաշտոնանկ կարվի:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Առուստամյանի վիճակը` կայուն ծանր:

Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Կա երկու ձերբակալված, ձերբակալվել է Սյունիքի մարզպետի 19-ամնյա որդին` Տիգրան Խաչատրյանը, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալային միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել