Մոտեցող ապրիլի 24-ը, ամեն տարվա պես, դարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունները թեսթի ենթարկող մի երեւույթ: Այսպես է ներկա զարգացումները մեկնաբանում թուրքական Zaman-ը:
Հայտնի պարբերականը հիշեցնում է, որ արդեն երկու տարբեր պատվիրակություններ մեկնել են ԱՄՆ` կանխարգելելու մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
Բացի այդ Թուրքիայի ԱԳՆ-ն մարտի 1-ին ԱՄՆ-ին զգուշացնող հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ սպասում է ԱՄՆ-ի կողմից հայկական բանաձեւի օրակարգ մտնելու մերժմանը: Մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բորաք Օզուգերգինը հայտարարել է, որ թիվ 252-րդ բանաձեւի ընդունումը փակուղի կմտցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը եւ լուրջ վնաս ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին:
Zaman-ը հայտնում է, որ ըստ մարտի 4-ի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման արդյունքի` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի վերջին կամ ապրիլի սկիզբ կմեկնի ԱՄՆ:
Թուրքական պարբերականը գտնում է նաեւ, որ Թուրքիան չի ընդունում այն մեղադրանքները՝ ըստ որի Թուրքիան պարզապես առիթ է փնտրում հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու համար, քանի որ Դավութօղլուն բազմիցս հայտարարել է, որ վճռական է այդ հարցում եւ առանց հայ-ադրբեջանական հակամարտության լուծման` տարածաշրջանում հնարավոր չէ մնայուն խաղաղություն:


























