Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկում է զբոսաշրջային երկրորդ գիտարշավը: Առաջինը նախորդ տարվա սեպտեմբերին էր անցկացվել:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը հունիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարեւորությունը գիտական տուրիզմի զարգացման տեսանկյունից: Գիտարշավը կընթանա երկու փուլով. Առաջին փուլում՝ Երեւան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Երեւան երթուղով գնացքով, ընդ որում՝ մասնակիցները ամեն կանգառի ընթացքում հանգամանորեն կծանոթանան պատմամշակութային կոթողներին:
Գիտարշավին կմասնակցեն ՀՀԿ Կանանց խորհրդի, Տուրիզմի հայկական ինստիտուտի, Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի, հոգեւորականության ներկայացուցիչներ, ռազմական ինստիտուտների, երեւանյան բուհերի կուրսանտներ: Նախատեսվում է ապահովել նաեւ պատգամավորների, գիտության, մշակույթի գործիչների մասնակցություն, որպեսզի նրանք կարողանան շփվոլ երիտասարդների հետ: Գործնական երկրորդ փուլում հետիոտնային արշավներ են նախատեսված դեպի Գեղարդ, Գառնի, Էջմիածին, Արագածի գագաթ, Քասախի կիրճ, ժայռագնացություն Նորավանքի կիրճում, հեծանվարշավ դեպի Ջերմուկ:
Գիտարշավի կասմակերպիչներն են ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, «ՀԿԵ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ Հայաստան» բանկը, Տուրիզմի հայկական ինստիտուտը, Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիան, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները:
Ըստ մամուլի ասուլիսի բանախոս ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի` նախագիծը համահունչ է ընթացիկ տարում Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու շրջանակին: Նաղդալյանը նշել է, որ ՀՀԿ-ն կարեւորում է զբոսաշրջության զարգացումը եւ երիտասարդությանը սեփական երկրին ծանոթացնելուն: Նա մամուլին հրավիրել է մասնակցել արշավախմբի լուսաբանմանը: Մեկնարկն ազդարարող գնացքը Երեւանի կայարանից կմեկնի հունիսի 8-ին` առավոտյան ժ. 10-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























