Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությունը 2013 թ. մայիսին տուգանք է նշանակել 8 տնտեսվարողների նկատմամբ` 1.17 մլն դրամի չափով:

Տուգանվածների թվում է Հյուսիսային պողոտայում տեղակայված եւ կոշիկի ու պայուսակների ներմուծմամբ զբաղվող «Ինտեր շուզ» ընկերությունը: Տուգանքը կազմել է 100 հազ. դրամ` առանց հայերեն մակնշման ապրանքներ իրացնելու համար:

Տուգանվածների մեջ է նաեւ էլեկտրական լամպերի խոշոր ներկրողներից մեկը` «Լայթ ընդ մոր» ընկերությունը: Տուգանքը կազմել է 150 հազ. դրամ` առանց համապատասխանության սերտիֆիկատի առեւտրի համար:

Ամենախոշոր տուգանքը մայիսին նշանակվել է Սիսիանի «Արմինե եւ Արման» ընկերության նկատմամբ` 250 հազ. դրամ: Սա Սյունիքի տարածաշրջանի ոսկյա զարդերի խոշորագույն կենտրոններից մեկն է: Տուգանքը նշանակվել է զարդերն առանց տարբերանիշի վաճառելու համար: 

Տուգանքներ են նշանակվել նաեւ ««Լեգենդա» (ավտոգազալցակայան), «Կոմպասս» (համակարգիչների ներկրում եւ իրացում), «Կերոն լուս» (սանիտարահիգիենիկ միջոցների առեւտուր), «Կալինա դվին» (մաքրող միջոցների ներկրում), «Էքսիս Ռիթոյլ» (խաղալիքներ, կոշկեղեն, էլսարքավորումներ) ընկերությունների  նկատմամբ: