Եվրոպական Միությունը անվերապահ աջակցում է հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս ունի, որ կողմերն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրությունները ու կշարժվեն առաջ: Այդ մասին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ:
Բնութագրելով Հայաստան – ԵՄ փոխհարաբերությունները` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստան — Եվրոպական Միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: Անցյալ տարի մեկնարկած Արևելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է տալիս մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար»:
Խոսելով ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին` Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:
Նախարար Մորատինոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ ուրախ է Հայաստան այցելել արդեն երկրորդ անգամ, եւ ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին:
Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրել է Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր` փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձեւաչափերով:
Նախարարներ Նալբանդյանն ու Մորատինոսն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:



















