Գրող Սերգեյ Գալոյանը երկար տարիներ գրում է քրեական աշխարհի մասին, սակայն մինչեւ այս պահը ձեռքի տակ չունի փաստեր, որով կարող է ասել, որ Սուրեն Խաչատրյանը քրեական հեղինակություն է: Այս մասին, այսօր` հունիսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ինքը՝ Սերգեյ Գալոյանը: Նրա խոսքով՝ ձեռքի տակ ունի նյութեր՝ Գորիսում  անչափահաս աղջկա հետ ունեցած պատմության մասին եւ էլի մի քանի դեպք, որոնք առնչություն ունեն Սուրեն Խաչատրյանի հետ, սակայն դրանք դատարանով ապացուցված չեն:

Անդրառնալով Սուրեն Խաչատրյանի՝ իր լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու մասին հայտարարությանը, Գալոյանն ասաց, որ դա լկտիության գագաթնակետն է: «Նորմալ մարդը կասեր՝ ես հրաժարական եմ տալիս ու վերջ: Ընդունենք, որ նա լրիվ անմեղ է եղել եւ քնած է եղել անգամ, երբ երեք կրակոց է հնչել: Ինչպես հաղորդում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, նա քրեական հանցագործ է: Մարդ կարող է լկտի լինել, բայց այս աստիճանի՞»,- ավելացրեց Սերգեյ Գալոյանը, հավելելով, թե օրինական զենքն ի՞նչ գործ ունի Սուրեն Խաչատրյանի տանը, քանի որ զենքը օրերից մի օր կրակում է:

«Իզուր չեն ասում, որ պատից կախված զենքը մի օր կկրակի: Սա ամենացածր մակարդակի խուժանական հաշիվ մաքրել է: Իմ ճանաչած օրենքով գողերը, որոնք կենդանի են, այս հարցերին երբեք չեն խառնվի, քանի որ իրենք իրենց կկեղտոտեն: Սա ուրիշ մակարդակ է, ցածր մակարդակ է: Օրենքով գողերը մի քիչ ավելի բարձր են»,-ասաց նա:

Գրող Գալոյանը ցանկություն հայտնեց, որ իր թոռներն ապահով ապրեն: «Ես ուզում եմ, որ մեր ոստիկանապետի աղջիկը, որ երգեր է երգում, հանգիստ ապրի եւ իր երգերը երգի»,- ավելացրեց Սերգեյ Գալոյանը՝ հավելելով, որ հիմա պատրաստ է «Դեդ Հասանի» մասին գիրքը, ով սերտ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ: Հիմա նյութեր է հավաքում նոր գրքի համար, որը չգիտի ինչպես վերնագրել: Նրա խոսքով 500 էջ է գրված, որում առանձին-առանձին անդրադարձել է Հայաստանում կատարվող քրեական հանցագործություններին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am