Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թ. հունվար-մարտին կազմել է 128.2 հազ., տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22.9%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2013 թ. զբոսաշրջիկների 38.0%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 27.3%-ը՝ ԵՄ երկրներին եւ 34.7%-ը` այլ երկրներին:

Ռուսաստանը շարունակում է մնալ հիմնական զբոսաշրջային «մատակարարը», քանի որ այդ երկրում ապրող մեր հայրենակիցները հայրենիք ժամանելիս նույնպես համարվում են զբոսաշրջիկներ (ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության): Սակայն հարկ է նշել, որ 2013 թ. Ռուսաստանից այցելածների թիվը շեշտակի աճել է՝ 85%-ով, ինչի արդյունքում Ռուսաստանին բաժին է ընկնում զբոսաշրջիկների 29,2%-ը:

Փոխարենը՝ շեշտակի նվազել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Իրանից զբոսաշրջային այցելությունները, թեեւ այդ երկրները նախորդ տարիներին զգալի դերակատարում ունեին զբոսաշրջիկների կառուցվածքում: Այսպես՝ ԱՄՆ-ից այցելությունները նվազել են մոտ 37%-ով եւ առաջին եռամսյակում կազմել 11.5 հազ. մարդ, Մեծ Բրիտանիայից՝ 74%-ով եւ կազմել 4.1 հազ. մարդ, Իրանից՝ 43.5%-ով եւ կազմել 10 հազ. մարդ;

2013 թ. զգալի ավելացել են զբոսաշրջային այցելությունները Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԵՄ այլ երկրներից, Ուկրաինայից:

Զբոսաշրջային այցելությունները նվազել են Վրաստանից ու Թուրքիայից: