Տասնյակ հնդիկ կանայք անցել են, այսպես կոչված, «Կարմիր բրիգադների» շարքերը, որոնք պայքարում են սեռական բռնության դեմ: Նրանք հարձակվում են նրանց վրա, ում կասկածում են սեռական ոտնձգություն գործելու մեջ, եւ ծեծի ենթարկում: Նման բրիգադների անդամները կարմիր շապիկներ են կրում: Մինչեւ վերջերս այդ շարժման մեջ ներգրավված էր 15 մարդ, սակայն 2012-ի դեկտեմբերին Նյու Դելիում 23-ամյա ուսանողուհու գազանային բռնաբարությունից եւ սպանությունից հետո Լինչի դատաստանի կողմնակիցների թիվը մի քանի անգամ աճել է: Ներկայումս «Կարմիր բրիգադներում» կա 100-ից ավելի մարդ, գրում է ավստրիական Der Standard պարբերականը:

Շարժումն ինքնապաշտպանության դասընթացներ է կազմակերպում, որի ժամանակ աղջիկներին սովորեցնում են, թե որտեղ հարվածեն, որ ավելի ցավոտ լինի: Սակայն միայն տեսական գիտելիքներով գործը չի ավարտվում:

Վերջերս շարժման անդամներից կազմված խումբը հարձակվել էր երիտասարդների վրա, որոնք հետապնդում էին երիտասարդ մի աղջկա եւ անպարկեշտ ակնարկներ անում:

«Մենք ծեծեցինք նրան ոտքերով: Երբ նրանք փախչում էին, խոստանում էին, որ այդ աղջկան հանգիստ կթողնեն»,-պատմել է շարժման ակտիվիստուհիներից մեկը: «Կարմիր բրիգադի» անդամներից 16-ամյա Աֆրեեն Կ.-ն ինքնապաշտպանության համար բեյսբոլի մահակ է օգտագործել: Նրանք պնդում են, որ ստիպված են նման քայլի գնում, քանի որ իշխանությունները չեն պաշտպանում կանանց բռնություններից եւ բռնաբարություններից: