Հայաստանի մի խումբ քաղաքացիներ դիմել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ ռուսական գազի թանկացման հետ կապված: «Դադարեցնենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող անուշադրության մատնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: «Մեր երկրի յուրաքանչյուր 3-րդ բնակիչը ապրում է աղքատության շեմից այն կողմ: Էներգակիրների սակագների բարձացումը մեծացնում է բնակչության կոմունալ ծախսերը եւ հիմք ստեղծում տնտեսության բոլոր մնացած ոլորտներում գնաճի համար: Գազի թանկացման ճանապարհով «Գազպրոմը» նախատեսում է Հայաստանում գազի վաճառքից տարեկան ստանալ լրացուցիչ 150 մլն դոլար:

Թռիչքային գնաճի հետեւանքով Հայաստանի ժողովրդի կոմունալ ծառառայությունների, տրանսպորտի, սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ծախսերը կաճեն նվազագույնը 1,5 մլրդ դոլարով: Անվիճելի ճշմարտություն է՝ որքան բարձր է գինը, այնքան ցածր է պահանջարկը, ուստի անհայտ է, թե կհաջողվի՞ «Գազպրոմին» Հայաստանում վաստակել լրացուցիչ 150 մլն դոլար: Սակայն ակնհայտ է, որ ցանկացած ճնշում սահման ունի, ուստի երկրում գնաճին ուղղված տնտեսական քաղաքականությունը  հանգեցնում է սոցիալական բողոքի, քաղաքացիական անհնազանդության, հեղափոխության եւ մենաշնորհների ազգայնացման:

Մենք կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, թե գազի թանկացումն ինչ լուրջ մարտահրավեր է Հայաստանի հասարակ քաղաքացիների համար: Կարծում ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք կանգնեցնել իրադարձությունների բացասական ընթացքը: Առաջնահերթ խնդիրը համարում ենք հանրային լսումների անցկացումը: «Հայռուսգազարդ» ՓԲԸ հայտը` նոր գին սահմանելու վերաբերյալ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացվել այս տարվա մայիսի 14-ին: Ըստ գործող օրենսդրության, հայտը քննարկվելու է 90 օրվա ընթացքում: ՀԾԿՀ-ն հրաժարվել էր հանրային լսումների անցկացումից եւ նիստ է նշանակել հունիսի 7-ին: Հայաստանի հասարակությունը պահանջում է նիստի ժամկետի տեղափոխում եւ լիակատար լսումների անցկացում:

Ակնհայտ է, որ եթե «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն տա իր համաձայնությունը ժամկետը տեղափոխելու վերաբերյալ, ՀԾԿՀ-ն հնարավորություն կունենա բավարարելու հանրության պահանջը:

Մենք կարծում ենք, թե սոցիալական հակամարտությունը ավելի հեշտ է լուծել իր ձեւավորման վաղ փուլում, քան հետագայում, երբ անշրջելի որոշումներ ընդունվեն: Եթե Դուք հնարավորություն ունեք ազդելու «Գազպրոմ»-ի եւ նրա դուստր-ձեռնարկության` «Հայռուսգազարդի» քաղաքականության վրա, կարծում ենք` այժմ կարելի է քայլեր ձեռնարկել Հայաստանում սոցիալ-քաղաքական կայունության պահպանման համար»,- ասվում է հայտարարության մեջ: