Ի՞նչ քայլերի հերթականություն եք տեսնում, որոնք Ղարաբաղը կվերադարձնեն բանակցությունների սեղանի շուրջ: Լրագրողների այս հարցին ի պատասխան, Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Կարեն Ավագյանը նշեց, որ տեսանելի ժամանակահատվածում չի տեսնում ԼՂՀ-ի ուղղակի մասնակցություն բանակցություններին, բայց հնարավոր է համարում, որ կգա մի էտապ, երբ Ղարաբաղը կմասնակցի բանակություններին:

Նույն հարցին անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը երեք տարբերակ առաջարկեց, որոնց պարագայում Ղարաբաղը կարող է դառնալ բանակցությունների լիիրավ կողմ:

«Առաջին հերթին Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը և նշում, որ դա իր համար փակված հարց է, այնուհետև դուրս է գալիս բանակցային գործընթացից եւ կոնֆլիկտում ներգրավվում է Ղարաբաղը: Սա մի տարբերակ է, որը ունի ռիսկեր եւ եթե պետությունն անգործունակ է, ուրեմն չպիտի նման քայլի գնա, որովհետեւ միջազգայինից մինչեւ ռեգիոնալ հարթություն կարող են խնդիրներ ծագել: Միայն նախաձեռնող, ակտիվ գործունակ պետությունն է, որ կարող է այդ վտանգներն էֆեկտիվ չեզոքացնել»,-նշեց նա, հիշեցնելով, որ «Ժառանգությունն» առաջարկում էր ԼՂՀ-ն ճանաչել Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչման նախընթաց ժամանակաշրջանում, երբ ռիսկերն ավելի քիչ էին:

«Երկրորդ տարբերակն այն է, երբ երկրում իշխանություն է փոխվում եւ նոր եկողը հայտարարում է, որ ջնջում ենք նախկինում եղածը եւ սկսում ենք նոր տողից: Սա կարող է անել միայն նոր նախագահը, որը ներկայացնում է որպես նոր սկզբունքներով առաջնորդվող նախագահ»,- ասաց Ս. Սաֆարյանն ու ընդգծեց. «Երրորդ տարբերակն ավելի բարդ ճանապարհ է, որտեղ երկու սցենար է բացվում. Մեկն այն է, որ, ինչպես հանախագահներն են նշել, ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրում են սկզբունքների մասին համաձայնագիր, որից հետո այդ համաձայնագրին կից զինադադարի կամ խաղաղության պայմանագիրը մշակելիս, արդեն Ղարաբաղը մասնակցում է: Եվ երկրորդ սցենարը, երբ գործընթացը մտնում է փակուղի եւ համանախագահներն իրենք են որոշում, որ մեթոդաբանության մեջ պետք է լուրջ վերանայումներ լինեն»: Այսինքն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հանախագահներն ընդունում են, որ իրականում գործընթացի փակուղի մտնելու պատճառներից մեկը 1998 թվականի Երեւանի որոշումն է եղել` ԼՂ-ն բանակցություններից դուրս թողնելու մասին, որի մասին խոսել են նաեւ բոլոր երեք համանախագահները եւ պետք է վերանայել այդ որոշումը: «Այստեղ ռիսկը Ադրբեջանի հակազդեցությունն է, որը Հայաստանը պետք է կարողանա հաղթահարել միջազգային խողովակներով»,- իր խոսքն ամփոփեց նա: