Հունիսի 7-ին, ժամը 19:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա տաղավարում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի  ազգային տոնի՝ ՄԹ Թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը:

Չնայած, որ Թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 21-ին է, հիմնականում այն նշվում է հունիսին քանի որ այս ամիսն եղանակային պայմաններն առավել բարենպաստ են լինում բացօթյա հանդիսությունների համար: 

Այս տարի Բրիտանական դեսպանատունը Թագուհու ծննդյան օրն օգտագործելու է որպես առիթ խոսելու եւ ներկայացնելու բրիտանական բիզնեսի ու առեւտրի ոլորտը եւ մասնավորապես Հայաստանի հետ հաջող համագործակցության օրինակները:

Տոնակատարության շրջանակում ներկայացվելու է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «UK in Armenia» (ՄԹ-ն Հայաստանում) խորհրդանշական ֆոտո ցուցահանդեսը եւ հյուրերը հնարավորություն կունենան դիտել Բրիտանական GREAT արշավը ներկայացնող կարճ ֆիլմեր:

Երեւանի բնակիչները Թագուհու հոբելյանի տոնակատարությունից նույնպես անմասն չեն մնա: Նույն օրը ժամը 9-ին Սիրահարների այգում նախատեսվում է Թագուհու եւ թագավորական ընտանիքի մասին պատմող կարճամետրաժ վավերագրական անգլերենով ֆիլմերի ցուցադրում:

Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր։