Դոմինիկյան Հանրապետությունում նախատեսվում է հայկական միջնադարյան առեւտրային «Quedagh Merchant» նավի թանգարան բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:
Խոսքը «Quedagh Merchant»-ի նավաբեկության վայրում արված պեղումների գտածոների թանգարանի բացման մասին է: Նավը պատկանել է հնդկահայ վաճառականներ խոջա Հակոբին եւ խոջա Հովհաննեսին, այն 1699թ.՝ Կատալինա կղզու մոտ գրավվել էր հայտնի ծովահեն Ուիլյամ Քիդի կողմից, հետո այրվել եւ խորտակվել:
Դրա նավաբեկության վայրում 26 թնդանոթ է հայտնաբերվել: Պահպանվել են բոլոր փաստաթղթերը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել նավաբեկության հստակ վայրը որոշելը», - նշել է Կարեն Բալայանը:
2008թ.-ից հայկական նավի խորտակման վայրում Չարլզ Բիքերի գլխավորած արշավախումբը պեղումներ է կատարում, որոնք նախատեսում են շարունակել 3 տարի:
Բիքերն ինքը քանիցս Հայաստան է այցելել, այս տարի կրկին մտադիր է գալ եւ ցուցահանդես կազմակերպել, որի ցուցանմուշներից կլինի «Quedagh Merchant»-ից գտնված թնդանոթը:
Նախագիծը միջազգային է դարձել՝ հաշվի առնելով դեպքերի մասնակիցներին՝ Հնդկաստան, Հայաստան, Մեծ Բրիտանիա, Դոմինիկյան Հանրապետություն, ԱՄՆ:
Նախատեսվում է Դոմինիկյան Հանրապետությունում այդ նավի թանգարան հիմնել, սակայն առայժմ դրա ժամկետները հայտնի չեն, նշել է Բալայանը:
Բեռնավորված «Quedagh Merchant»-ը Կալկաթայի նավահանգստից Սուրատ էր ուղեւորվել: Ճանապարհին տեղի էր ունեցել հանրահայտ ծովահեն Ուիլյամ Քիդի հետ չարաբաստիկ հանդիպումը: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ, պայմանավորվածության համաձայն, հայերը հավասարվում էին Բրիտանիայի քաղաքացիներն, իսկ Քիդը միայն թշնամական նավերը թալանելու իրավունք ուներ: Սակայն այդ ժամանակ նա անձնակազմի հետ խնդիր է ունեցել՝ մի քանի ամիս առանց որեւէ ավարի մնալու պատճառով: Ուստի Քիդը որշել է հարձակվել հայկական նավի վրա: Նայուրացրել է այն, քանի որ իր սեփականը ավելի փոքր ու վատն էր: Սակայն նախկին նավից վերցրել է թնդանոթները:
Դրանով է բացատրվում խորտակված նավում թնդանոթների առատությունը:
Հասկանալով, որ հնդկական ջրերում չի կարելի մնալ, Քիդն ուղեւորվել է Կարիբյան ծով: Նեղացած հայերը գանգատվել ե ն Մեծ Բրիտանիայի թագավոր Վիլհելմ Երրորդին: Հաշվի առնելով բազմաթիվ նման բողոքները Կարիբներ հասնելուց հետո հրամայվել է կալանավորել Քիդին: Քիդը նավը լքել եւ մեկնել է գործերը կարգավորելու, քանի որ հասարակ ծովահեն չէր, այլ՝ բարձրակարգ: Նա հուսով էր, որ ընկերներն իրեն չեն լքի, սակայն սխալվում էր: Նրան բռնել եւ Լոնդոնում դատարանի որոշմամբ կախաղան են հանել: Բայց Նյու Յորքի ճանապարհին նա ինչ-որ տեղում պահել է ունեցվածքը, որն արդեն 300 տարի որոնում են:
Քիդի թիմը որոշ ժամանակ նավապետին սպասելուց հետո որոշել է այրել նավը եւ հեռանալ: Երբ նավն այրվել է, հոսանքն այն քշել է դեպի կղզի, որտեղ էլ խորտակվել է», - պատմել է Կարեն Բալայանը:




























