«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով Թուրքիան ի զորու է դիմագրավել միջազգային բոլոր տեսակ ճնշումներին եւ չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Նման համոզմունք վերջինս հայտնեց այսօր՝լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նշելով, որ արձանագրությունների չվավերացման դեպքում միջազգային հանրությունը Թուրքիային, այնուամենայնիվ, չի պատժի, նա համոզմունք հայտնեց, որ հակառակ պարագայում «նեղացած Թուրքիան կհեռանա Արեւմուտքից՝ Եվրոպայի համար դառնալով առավել վտանգավոր եւ անկանխատեսելի»։
Նույն հարցի առնչությամբ ասուլիսի մյուս բանախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ հենվելով իր դիվանագիտական փորձի վրա՝ Թուրքիան այս անգամ եւս կխուսանավի արձանագրությունների վավերացումից։
Ամփոփելով՝ Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ մինչ այժմ ոչ ոք հարց չի տվել, թե ինչո՞ւ հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը կոչվեցին արձանագրություններ, այլ ոչ պայմանագրեր. «Պատճառն այն է, որ մեծ պայմանագիրը դեռեւս առջեւում է, իսկ արձանագրությունները միայն նախորդում են դրան»։



















