ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ, դատելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մոսկվայում տեղի ունեցած վերջին հանդիպումից, մադրիդյան սկզբունքների նորացման պարագայում, դրանք կփոխվեն ի վնաս Հայաստանի, հետևաբար` ի օգուտ Ադրբեջանի: «Քանի որ հիմնական տարաձայնությունը վերաբերում է ԼՂ կարգավիճակի որոշման ժամկետներին, ընթացակարգին ու ձևաչափին, այս կտրվածքով ակնհայտ է, որ խոչընդոտը ադրբեջանական կողմն է, որը չի համաձայնում հայկական կողմի դիրքորոշմանը, ուստի կարծում եմ, թե վտանգ կա, որ այդ սկզբունքը մի փոքր ձեւափոխվի ի վնաս Հայաստանի: Ինչ-ինչ շահերից ելնելով, դա կձևակերպեն այնպես, որ Ադրբեջանը դրանից շոյված լինի»,- հայտարարեց Ս. Սաֆարյանն ու հավելեց. «Նման եզրահանգման գալու համար ինձ հիմք է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի „Ազատություն“ ռադիոկայանին տված հարցազրույցում արված հայտարարությունը, որտեղ, երբ նա խոսում է միջանքի և Ղարաբաղի կարգավիճակի մասին, ասում է, որ այդ մասով կլինեն Ադրբեջանի նախագահի ակնարկներն ու առաջարկները»:

ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Կարեն Ավագյանը, սակայն, որեւէ վտանգ չի տեսնում մադրիդյան սկզբունքներում, այդ թվում նորացված սկզբունքներում: Ավելին, նրա խոսքով, ըստ այդ սկզբունքների, ԼՂ-ին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, որի պարագայում Ղարաբաղը հնարավորություն է ունենալու տարբեր ձեւաչափերով մասնակցել տարբեր միջազգային կառույցներում: «Վտանգ չեմ տեսնում, քանի որ նախագահների վերջին հանդիպման ժամանակ տեսանք և Սերժ Սարգսյանի, և Իլհամ Ալիևի տրամադրությունները»,- նշեց նա: Այս խոսքից հետո, Ս. Սաֆարյանի դեմքին հեգնական ժպիտ հայտնվեց, որին Կ. Ավագյանն արձագանքեց, ասելով, որ սա իր դիտարկումը չէ, այլ լրատվամիջոցների: