Լոս Անջելեսի ծայրամասում հունիսի 7-ին կրակոցների հետեւանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ կրակողը:
Կրակոցները սկզբում հնչել են Սանտա Մոնիկայի քոլեջներից մեկում, այն շենքից մի քանի կմ հեռավորության վրա, որտեղ մեկ ժամ անց պետք է տեղի ունենար ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համար դրամահավաքի միջոցառումը։ Այնտեղ այցելել էր նաեւ Բարաք Օբաման: Ըստ Գաղտնի ծառայության տվյալների` նախագահի այցը եւ կրակոցները փոխկապակցված չէին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով CNN-ին:
Ըստ ոստիկանության տեղեկության` երկուսը սպանվել էին տանը, որտեղ ավելի ուշ հրդեհ էր բռնկվել: Եվս երկու մարդ մահացու վերքեր էին ստացել, երբ չարագործը դեպի տեղի քոլեջն էր շարժվել, վերջին երկուսն սպանվել էին քոլեջի տարածքում: Ըստ չճշտված տեղեկությունների` վիրավորվել է եւս երեք մարդ, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Los Angeles Times-ին:
Կրակողին սպանել են ոստիկանները` քոլեջի գրադարանում հրաձգության ժամանակ: Ենթադրվում է, որ նա միայնակ չէ գործել: Հանցակիցը ձերբակալված է եւ գտնվում է կալանքի տակ:
Սանտա Մոնիկայի քոլեջում սովորում է 34 հազար ուսանող: Շատերը ստուգարքներ եւ քննություններ էին հանձնում կամ էլ պարապում հանրակացարանում: Քոլեջը փակվել է եւ շրջափակվել:


























