Լոս Անջելեսի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի բնակիչ երկու հայերի՝ անտուն տղամարդու վրա հարձակման համար: Այդ մասին հայտնում է «Glendale News-Press»-ը: 23-ամյա Հովհաննես Մանվելյանն ու 22-ամյա Վահան Քյուրքցյանը մեղադրվում են մահաբեր զենքով անտուն տղամարդու վրա կատարված հարձակման մեջ: Լոս Անջելեսի շրջանային դատախազի ներկայացուցիչ Ջեյն Ռոբինսոնն ասել է, թե հարձակումը տեղի է ունեցել առանց լուրջ պատճառների:
Մեղադրյալները նախ ասել են, թե անտունը հետապնդել է իրենց, բայց հետաքննությունը հերքել է նրանց վարկածը: Ավելի ուշ երկուսն էլ խոստովանել են, որ «երիտասարդ են, չգիտեն՝ ինչու են այդպես արել, բայց դա հիմարություն է»:
Տուժածը քնած է եղել ավտոկանգառում, երբ երիտասարդները ջուր են լցրել նրա վրա: Ապա քար են նետել եւ փախել են, բայց կրկին վերադարձել եւ քարկոծել են տուժածին, իսկ երբ վերջինս դիմադրել է, ծեծել են:
Մանվելյանն ու Քյուրքցյանը փախուստի են դիմել, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրանց: Անտուն տղամարդու խոսքով, վերջին մի քանի ամսում մի քանի անգամ երիտասարդները հարձակվել են իր վրա:


























