Ստամբուլի կենտրոնում, Գեզի այգում առեւտրային կենտջրոն չի կառուցվի: Այս մասին, հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ քաղաքի իշխանությունները մտադիր չեն ամբողջությամբ հրաժարվել Թաքսիմի հրապարակում շինարարության պլաններից, ինչպես պահանջում են ցուցարարները: «Մենք հաստատ մտադիր չենք այստեղ առեւտրային կենտրոն, հյուրանոց կամ բնակելի շենք կառուցել»,-ասել է Թոփբաշը՝ հավելելով, որ Թաքսիմի հրապարակի տարածքում «հնարավոր է, հայտնվի թանգարան կամ ցուցահանդեսային կենտրոն», գրում է «Ռոսբալտը»:

Շրջանի վերակառուցման վերջնական նախագիծը կմշակվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության ընթացքում, ասել է քաղաքապետը: Նա չի բացառել, որ Գեզի պուրակում ծառերի թիվը, որը նախատեսվում էր հատել, կարող է կրճատվել ներկա 600-ից, հաղորդում է Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն մեկ շաբաթից ավելի է չեն դադարում բողոքի ակցիաները, որի մասնակիցները պահանջում են Էրդողանի կառավարության հրաժարականը: Հուզումների ընթացքում զոհվել է 3 մարդ, ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է, 2,3 հազար մարդ՝ ձերբակալվել: